|
Մայիս Ասատրյան
Ծնվել է 2000
Խնդիրը`ՄՈւԿ, հեմիպարեզ
Հաճախում է 2010 նոյեմբերից առայսօր
Առաջընթացը գրանցվել է 2011 հունվարին
Վարդուհի, մայրը. : Երբ Հասմիկն ինձ ասաց ձիաբուժության մասին իմ որդու համար, առաջին արձագանքս բացասական էր. ես վախենում էի, որ նա չի կարողանա պահել իրեն ձիու վրա՝ հաշվի առնելով, որ իր մի ոտքն ու մի ձեռքը չեն աշխատում: Բայց ինձ բացատրեցին, որ հիպոթերապիան տարբերվում է ձիավարությունից, և սկզբնական շրջանում տղայիս ձիու վրա երկու կողմից կուղեկցեն: Ես համաձայնեցի, չնայած որոշակի վախ դեռ ունեի:
Երեխայիս ախտորոշեցին մանկական ուղեղային կաթված, երբ ընդամենը մի քանի ամսական էր: Մեզ ասացին, որ նա պետք է անցնի երկարատև վերականգնում, բայց մենք գումար չունեինք դրա համար և ստիպված էինք համակերպվել այն մտքի հետ, որ մեր երեխան հաշմանդամ է լինելու իր ամբողջ կյանքում... Բայց երբ Մայիսը սկսեց հիպոթերապիայի պարապմունքները, ես սկսեցի արձանագրել հրաշալի փոփոխություններ նրա վիճակում: Նա սկսեց օգտագործել իր աջ ձեռքը՝ գնալով ավելի ու ավելի շատ: Նա այնքան երջանիկ է, երբ կարողանում է ինչ-որ բան անել այդ ձեռքով: Միգուցե, ձին հենց այն հրաշքն է, որին մենք սպասում էինք այսքան երկար...
Հիպոթերապիստի եզրակացությունը.Մենք Մայիսին պատահաբար հայտնաբերեցինք Ուշի գյուղում և անմիջապես «առևանգեցինք» մեր կենտրոն: Նա շատ կենսուրախ և խելացի տղա է, առանց իր հաշմանդամոթյան հետ կապված բարդույթների: Նա ընդհանրապես չէր օգտագործում աջ ձեռքը: Սկզբում Մայիսին նստեցրինք ձիուն առանց թամբի, հետո աստիճանաբար տվեցինք նրան սանձը և սովորեցրեցինք վարգել թամբով: Երբ առաջին անգամ առաջարկեցի երկու ձեռքով բռնել սանձը, երեխան նայեց ինձ ու ժպտաց՝ ես չեմ կարող: Նրա երջանկությունն անսահման էր, երբ նա փորձեց ու տեսավ, որ կարող է: Սկսեցինք մաքրել ձիուն, սանձել, փաղաքշել՝ փորձելով օգտագործել երկու ձեռքն էլ, ժամանակի հետ ավելի ու ավելի հաջող: Մի քանի պարապմունք անց սկսեցինք պարապմունքից հետո նաև սովորել գրել թվեր ու տառեր աջ, վնասված ձեռքով: Նա օր օրի զարգացնում է իր հաջողությունները: Մայիսը ոչ միայն պացիենտ է, այլ նաև մեր փոքրիկ օգնականն է:
|