|
Անի Առուստամյան
Ծնվել է՝ 2001
Խնդիրը` ՄՈւԿ, թույլ մկաններ, խանգարված կոորդինացիա, առանց օգնության քայլելու անկարողույություն
Հաճախում է` 2009թ հունիսից առայսօր
2010թ հուլիսին
Լիլիա, մայրը. Դուստրս 8 տարեկան է: Նա ունի մանկական ուղեղային կաթված /ՄՈւԿ/ եւ նրա կորդինացիան խիստ խանգարված է: Վերականգնողական թերապիայի նոր մեթոդների իմ անդադար որոնումներն ինձ բերեցին այս կենտրոն: Ես շատ զարմացա այնտեղ հանդիպելով երկու երիտասարդների` Բորյային և Հասմիկին, ովքեր չնայած բոլոր դժվարություններին՝ աշխատում էին երեխաների հետ: Դստերս միանգամից դուր եկավ կենտրոնը: Կարծում եմ, նա այստեղ գտավ այն խաղաղ եւ անմիջական միջավայրը, որի կարիքն այնքան ունեն մեր երեխաները, մասնավորապես նրանք, ովքեր բնակվում են քաղաքներում:
Այստեղ Անին ոչ միայն վերականգնողական թերապիա է անցնում, այլեւ շփվում է բնության եւ ընտանի կենդանիների` ձիերի, այծերի, շների եւ կատուների հետ: Այստեղ իմ դուստրը հաղթահարեց իր վախը մեծ շների նկատմամբ: Ես չէի դադարում զարմանալ, թե որքան հանգիստ ու հնազանդ էին ձիերը այս պարապմունքների ընթացքում: Ավելի ուշ Հասմիկն ինձ բացատրեց, որ հիփոթերապիայի համար ընտրվում են հանգիստ ձիերը, եւ նրանց հատուկ վարժեցնում են երեխաների հետ աշխատելու համար:
Առաջին փուլի ավարտին աղջիկս արդեն կարողանում էր մեջքն ուղիղ պահել ձիու վրա: Դա հեշտ է թվում, քանի դեռ ինքդ ձիուն չես նստել: Անին սովորեց զգալ ձիու մկանների աշխատանքը եւ պահել հավասարակշռությունը ձիու վրա միայն ազդրերով:
Հաջորդ փուլի ընթացքում նա սովորեց պահել իր հավասարակշռությունն ու կոորդինացիա, ինչպես նաեւ վեր ու վար անել ձիու վարգին համապատասխան: Նրա թույլ մկանները բավականին ձգվեցին: Իսկ ավելի ուշ Անին սովորեց կառավրել ձիուն ոտքերի ու սանձի միջոցով:
Մի քանի ամիսների ընթացքում Անիի կոորդինացիան էապես փոխվեց: Նա սովորեց զգալ եւ պահել իր մարմինը: Եվ որ ամենից կարեւորն է, նա շատ երջանիկ է եւ անհամբեր սպասում է յուրաքանչյուր հաջորդ պարապմունքին: Ես կարծում եմ, որ վերականգնողական մեթոդների մեծ մասը հարկադիր բնույթ են կրում եւ երեխային չեն կարող հաճույք պատճառել. մինչդեռ հաճույքի գործոնն այնքան կարևոր է երեխայի լիարժեք զարգացման համար: Ես ընտրեցի հիփոթերապիան, քանի որ այս թերապիայի ընթացքում երեխան համատեղում է պարապմունքները կենդանիների ու բնության հետ շփման հետ:
Հիփոթերապիստի եզրակացությունը. Այս կենսախինդ ու հետաքրքրասեր աղջնակը շատ արագ առաջ է գնում: Նա ձիու վրա իրեն պահում իսկական ձիավորի նման: Եթե նախկինում նա քայլում էր միայն ձեռքերը բռնած, ապա այժմ արդեն նա մի քանի քայլ կարողանում է ինքնուրույն անել: Մենք արդեն սովորում ենք վարգել: Այդ ընթացքում նա պետք է բարձրանա եւ իջնի ձիու վրա` ոտքերի օգնությամբ պահելով իր հավասարակշռությունը եւ իր շարժումները համապատասխանեցնելով ձիու շարժման ռիթմին ու արագությանը, մի բան, որ շատ դժվար է իր համար: Անսահման էր նրա ուրախությունը, երբ մի քանի պարապմունքներից հետո նա կարողացավ հասնել դրան:
|