|
Վահե
Ծնվել է 2003 թ.
Խնդիրը՝ աուտիզմ
Հաճախում է 2008 Նոյեմբեր – 2009 դեկտեմբեր
Առաջընթացը գրանցվել է 2009 հոկտեմբերին
Mother Lusine: Ես սկսեցի տղայիս տանել տարբեր մասնագետների մոտ 1.5 տարեկանից, երբ նա սկսեց աստիճանաբար կորցնել խոսքը, աչքերի կոնտակտը և գրեթե ամբողջովին ռեակցիան արտաքին շրջապատի հանդեպ: Ժամանակն անցնում էր, բայց տղայիս վիճակը չէր լավանում: Որոշ դեպքերում նա իրեն դրսևորում էր ուղղակի հանճարի պես. օրինակ՝ պաշտում էր կարդալը և կարդում էր՝ իրոք հասկանալով կարդացածը, չնայած ոչ ոք երբեք իրեն չէր սովորեցրել կարդալ: Կամ կատվի նման զգում էր մարդուն, ով ունի առողջական խնդիրներ կամ երբ ինչ-որ վատ բան պիտի պատահեր: Բայց մյուս կողմից չուներ ոչ մի պրակտիկ և շփման հմտություն՝ ինքնուրույն չէր ուտում, չէր օգտվում զուգարանից, խուսափում էր մարդաշատ վայրերից, հրաժարվում էր հասարակական տրանսպորտով երթևեկելուց...
Ձին ինձ համար վերջին հույսն էր: Սկզբում շատ դժվար էր և մեր, և հիպոթերապիստների համար: Երեխաս անդադար լացում էր, գոռում էր, հրաժարվում էր անգամ մոտենալ ձիուն: Այդպես էր մոտ մեկ ամիս: Հետո մասնագետները որոշեցին նստեցնել նրան ձիուն ու պահել ուժով: Առաջին երեք պարապմունքն ուղղակի մղձավանջ էին բոլորիս համար: Ես ունեի այնպիսի զգացողություն, ասես, տղաս ուզում էր դուրս գալ իր ներքին աշխարհից, բայց ինչ-որ անտեսանելի պատնեշ իր ներքին և արտաքին աշխարհի միջև թույլ չէր տալիս իրեն...
Չորրորդ օրը հրաշք տեղի ունեցավ. Վահեն նստեց ձիուն ու ժպտաց: Մի քանի պարապմունք անց նա արդեն վազում էր դեպի ձին ու համբուրում կենդանուն նստելուց առաջ: Եվ մի հրաշալի օր նա մոտեցավ ձիուն, ժպտաց ու շատ պարզ ասաց՝ ձի:
Հիպոթերապիստի խորհրդով մենք նաև զրկեցինք երեխային իր սիրելի շոկոլադից և ցորենի ալյուրից, որոնք բացասական ազդեցություն ունեն աուտիզմով երեխաների վրա: Մեր հաճախության մի քանի ամսվա ընթացքում Վահեն, որ գերակտիվ էր և ուներ անքնության խնդիր, սկսեց քնել գիշերները, դարձավ շատ ավելի հանգիստ, սկսեց նայել մարդկանց ու առարկաներին, այլ ոչ նրանց միջով: Նրա գիշերամիզությունը զգալի նվազեց: Եթե նախկինում մենք կարող էինք տեղաշարժվել միայն տաքսիով, հիմա երբեմն հաջողացնում ենք օգտվել հասարակական տրանսպորտից:
Հիպոթերապիստի եզրակացությունը. Մոտ մեկ ամիս պահանջվեց Վահեին ձիուն նստեցնելու համար: Նա դիմադրում էր ողջ ուժով՝ լացելով, գոռալով, մեզ հարվածելով: Երեխային իր ներքին աշխարհից դուրս բերելու մեր բոլոր փորձերն ապարդյուն էին թվում: Ստիպված էինք ուժով նստեցնել նրան ձիուն: Ժամանակի ընթացքում, երբ Վահեն հանգստացավ, սկսեցինք սովորեցնել նրան շաքար տալ, շոյել և մաքրել ձիուն և տարբեր հրահանգներ կատարել ձիու վրա՝ որպես «պատիժ» օգտագործելով խիստ ձայնով ասված «չի կարելի» բառը, իսկ որպես քաջալերում՝ իր սիրելի պաքսիմատները:
Վահեն նաև շատ հաճախ մարզիչ Բորյայի հետ միասին ձիով գնում էր դաշտեր՝ որպես փոփոխություն իր համար արդեն ծանոթ դարձած միջավայրից, ինչը շատ կարևոր է աուտիկ երեխայի համար: Նա դարձավ շատ ավելի հանգիստ, ընկալունակ, հայտնվեց աչքի կոնտակտ, սկսեց արձագանքել իր անվանը, ուշադրություն դարձնել շրջապատող առարկաներին, նաև սկսեց տեղին կիրառել բառեր. օրինակ՝ ասել ծաղիկ ծաղիկ տեսնելիս, վերև-ներքև, երբ ցանկանում էր ձիով բլրի վրա բարձրանալ կամ իջնել, ձի, հաջողություն...
Վահեի և այլ աուտիկ երեխաների հետ աշխատանքի ընթացքում մենք նկատեցինք մի զարմանալի բան. ձիու հետ շփումը կարծես վերացնում է պատնեշը աուտիկ երեխայի ներքին և արտաքին աշխարհների միջև: Այսինքն՝ հիմա շատ ավելի հեշտ է մուտք գործել Վահեյի ներաշխարհ ու կապ հաստատել նրա հետ: Վահեի հետ աշխատող հոգեբանը նույնպես նկատել է այս հանգամանքը:
|