|
Եթե ուզում ես առողջ լինել, շատ քայլիր, ճիշտ սնվիր եւ ձի նստիր:
Հիպոկրատես
Հիպոթերապիան ցուցված է մի շարք խնդիրների դեպքում, ինչպիսիք են. մանկական ուղեղային կաթվածը, աուտիզմը, սկոլիոզը և ողնաշարային այլ խնդիրները, տեսողական և լսողական խնդիրներ, շիզոֆրենիան, Դաունի համախտանիշը, նյարդային համակարգի խանգարումը, մտավոր հետամնացությունը, օստեոխոնդրոզը, շագանակագեղձի բորբոքումը, սրտի եւ ուղեղի կաթվածից հետո վերականգնումը և այլն:
Վերջին տասնամյակում հիպոթերապիայի պահանջարկը զգալիորեն աճել է ողջ աշխարհում: Հիպոթերապիան, որպես վերականողական մեթոդ, ոչ միայն հաճելի ժամանց է, այլ ֆիզիկական վարժությունների ու մերսման համադրություն, որը շատ ավելի մեծ կլինիկական ու ֆիզիոլոգիական արդյունավետություն ունի, քան ավանդական մերսումն ու մարզանքը: Հիպոթերապիայի հիմքում ընկած է ձիու շարժումը: Հիպոթերապիա տերմինն առաջացել է հունարեն “hippos” բառից, որը թարգմանաբար նշանակում է ձի: Հիպոթերապիայի հիմնական առավելությունն ավանդական վերականգնողական մեթոդների նկատմամբ նրա միաժամանակյա ֆիզիկական և էմոցիոնալ ազդեցությունն է պացիենտի վրա: Ֆիզիկական ազդեցությունը. Քայլելիս ձիու ողնաշարը կատարում է նույնպիսի տատանումներ, ինչպիսիք մարդու ողնաշարը. ուստի ձին իր հեծյալին փոխանցում է շարժման ճիշտ ազդակներ: Ձիու մարմնի ջերմաստիճանը 1-1.5 աստիճանով բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից, այսպիսով հեծյալի մկաններն ստնում են բնական ջերմային մեսում: Քայլելիս ձին կատարում է 110 տատնումներ տարբեր ուղղություններով, որոնք կրկնում է ձիավորի մարմինը: Այդ շարժումների շնորհիվ պացիենտի ջղաձգված մկանները թուլանում են, իսկ թույլ մկանները` ձգվում: Սա անչափ կարեւոր է հատկապես մանկական ուղեղային կաթվածի դեպքում: Ձիու վրա հավասարակշռությունը պահելու համար ձիավորը համակարգում ու սինքրոնացնում է իր շարժումները՝ այդպիսով աշխատեցնելով իր բոլոր մկանները, ներառյալ նրանք, որոնք սովորաբար ակտիվ չեն առօրյա կյանքում: Էմոցիոնալ ազդեցությունը. Պացիենտը հիպոթերապիան ընկալում է որպես թեպետ ոչ դյուրին, բայց հաճելի փորձություն, այլ ոչ բուժում: Այստեղ նա է կարեւորը, նա է կառավարում, այլ ոչ կառավարվում: Երեխան, ում միշտ ասել են. «չես կարող, ուժերիցդ վեր է», այժմ նստած է հսկա կենդանու վրա, որը հեշտությամբ ենթարկվում է նրա հրահանգներին: Այս նոր զգացողությունը նրան վստահություն, իր հանդեպ հարգանք և հավատ է հաղորդում. ընդ որում, ոչ միայն, երբ նա ձիու վրա է, այլեւ երբ դիտում է ուրիշներն ձիավարելիս: Մեր կենտրոնում ձիերը վարժեցված են ենթարկվելու հեծյալներին, նույնիսկ ոչ փորձառուներին: Սա նպաստւմ է նրան, որ հատկապես փոքրիկ ձիավորները կարծում են, թե իրենք շատ ուժեղ են, որ կարողանում են իրենց ենթարկել այդ մեծ կենդանուն: Ժամանակի հետ փոխադարձ կապ է ստեղծվում ձիու եւ ձիավորի միջեւ: Սա նպաստում է ոչ միայն շփման ունակությունները զարգացնելուն, այլև օգնում է ձերբազատվել շատ վախերից:
Հոգեբանական կողմը. Ձիու հետ շփման հոգեբանական կողմը նույնպես շատ կարևոր է: Կենդանիների հետ շփման արդյունքում մարդը, հատկապես երեխան կառուցում է փոխհարաբերություններ, ընկերություն, սովորում է գնահատել սիրո և հոգատարության կարևորությունը: Նա ձեռք է բերում պատասխանատվության զգացում և կարեկցելու ունակություն, ինչն էլ լավագույն պայքարի միջոցն է ագրեսիայի դեմ: Ձիու հետ շփման ընթացքում մարդը սովորում է հաղթահարել շատ վախեր ու բարդույթներ: Ձիու հետ փոխհարաբերությունը մեծ փոփոխություն է առաջացնում երեխայի կյանքում՝ առողջացնելով և նրա մարմինը, և նրա հոգին: Ձիու զարմանալի ազդեցությունը հայտնի է եղել դեռ հնագույն ժամանակներից: Արիստոտելը, Դենիս Դիդրոն եւ այլ նշանավոր գիտնականներ ու փիլիսոփաներ գիտական աշխատություններ են ունեցել ձիու բարերար ազդեցության վերաբերյալ: Ալեքսանդր Մաքեդոնացու օրոք վիրավոր զինվորներին նստեցնում էին ձի, որպեսզի նրանց վերքերն արագ ապաքինվեն: Սակայն որպես ժամանակակից գիտություն՝ հիպոթերապիան ընդունվել է 1960-ական թվականներին, երբ այն սկսեցին կիրառել Գերմանիայում, Ավստրիայում եւ Շվեյցարիայում՝ որպես ավանդական թերապիային ալյընտրանքային մեթոդ: Առաջին անգամ հիպոթերապիայի ստանդարտացված մեթոդաբանություն ձեւավորվեց 1980-ականների վերջին կանադացի ու ամերիկացի թերապիստների կողմից, ովքեր Գերմանիայում ձեռք բերած իրենց գիտելիքները բերեցին Հյուսիսային Ամերիկա: 90-ականների սկզբին հիպոթերապիան ներմուծվեց նաեւ նախկին Խորհրդային Միություն: |




